Կբարձրացնի արդյո՞ք Մերկելը Բուդեսթագի պատգամավորին «սև ցուցակում» ընդգրկելու հարցը Բաքվում

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Իսկ այդ հարցում կարևոր է տարածաշրջանում խաղաղ մթնոլորտի ստեղծումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի- Sputnik. Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ճեպազրույցի ընթացքում գերմանացի լրագրողն իրենց կանցլերից փորձեց իմանալ` արդյո՞ք նա Ադրբեջանում կբարձրացնի Բունդեսթագի պատգամավորին մուտքի վիզա չտալու հարցը։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու. Փաշինյան

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր, «սև ցուցակում» ընդգրկված Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, ով Ադրբեջան պիտի ժամաներ տիկին Մերկելի՝ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։

«Մենք որոշել ենք, որ այդ պատգամավորի աշխատանքը մեկ այլ պատգամավոր կիրականացնի։ Մենք եկել ենք այս որոշմանը, քանզի կարևոր էր այս բանակցությունները վարել, որովհետև միայն բանակցությունների միջոցով կարելի է լուծման հասնել»,-կոնկրետ հարցին չպատասխանելով` ասաց տիկին կանցլերը։

Պատասխանելով ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն լիարժեք աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։ «Ե՛վ Գերմանիան, և՛ տիկին Կանցլերն ունեն ըմբռնում, որ այդ խնդիրը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Իսկ այդ հարցում կարևոր է տարածաշրջանում խաղաղ մթնոլորտի ստեղծումը»,-ասաց Փաշինյանը։