Մարալիկցիները պատրաստ են հացադուլ անել. համայնքի ղեկավարը հրաժարականի մտադրություն չունի

Բնակիչները բողոքում են համայնքի ղեկավարի անգործությունից և պատրաստ են անգամ հացադուլ հայտարարել։ Արտակ Գևորգյանը համարում է, որ բողոքողների ուզածը միայն իր աթոռն է։ Sputnik Արմենիան տեղում է ծանոթացել իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մի խումբ մարալիկցիներ արդեն երրորդ օրն է` բողոքի ակցիա են անցկացնում՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի և ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։

Անի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ օգոստոսի 24-ին Մարալիկում հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց և ներկայացրել իրենց պահանջները:

Համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջողներից մեկը` Հարություն Ուռուտյանը, Sputnik Արմենիային ասաց, որ իրենք պատրաստ են պայքարել ցանկացած եղանակով, նույնիսկ պատրաստ են հացադուլ հայտարարել:

«Ընդհանրապես այսքան տարիների ընթացքում ոչ մի բան չի արվել: Մարալիկում սարսափելի վիճակ է։ Միակ բանը, որ նրա մոտ ստացվում է, հարազատներին աշխատանքի ընդունելն է: Այն ժամանակ, որ միայն Մարալիկն էր ղեկավարում, էլի աշխատանք չէր արվում, իսկ հիմա Մարալիկին միավորված 17 համայնքի պարագայում ընդհանրապես ոչինչ չի արվում: Նա 5 տարի ոտքով չի քայլել Մարալիկով, չի իմացել բնակիչների խնդիրները»,- նշեց Ուռուտյանը:

Жители Маралика требуют отставки главы общины (24 августа 2018). Маралик

Sputnik Արմենիայի հետ ունեցած հանդիպման ընթացքում բողոքի մյուս մասնակիցները ևս պնդեցին՝ ոչինչ չի արվել, ավելին՝ Մարալիկն այսօր 2 մասի է բաժանվել:

«Ստեղծվել է Գևորգյանների կլան, ու ոչ միայն Մարալիկը, այլ այսօր արդեն Անի համայնքը 2 մասի է բաժանվել: Ոչ մի բան այս տարիների ընթացքում քաղաքում չի արվել, ընդհակառակը 4 մանկապարտեզից Մարալիկում 1-ն է հիմա միայն մնացել: Ամեն ինչ սեփականաշնորհվել է: Նույնն է նաև «Պիոներ պալատի» շենքի դեպքում»,- ասացին բնակիչները։

Բնակիչներին հետաքրքրում է Արտակ Գևորգյանի հաջողության բանաձևը։

«Ինչպե՞ս է, որ նա ամսական 150 հազար դրամ աշխատավարձով 40 մլն դրամանոց «Լեքսուս» է քշում, իսկ ես իմ 200 հազար դրամով` ոչ: Թող այդ բանաձևն ասի, մենք էլ հանգիստ գնանք»,-կատակեցին մարալիկցիները:

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցների շարքում նաև Անի խոշորացված այլ համայնքների բնակիչներ կային: Մեր այն հացին, թե հրաժարականի դեպքում իրենք համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն ունե՞ն, նրանք նշեցին՝ ոչ, թող լինեն ընտրություններ, ու թող արդարության սկզբունքով ընտրվի ժողովրդի մարդը:

Ի պատասխան այս բողոքների Արտակ Գևորգյանը լրագրողներին հստակ հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ:

Глава общины Ани Артак Геворкян

«Այդ հարցն օրակարգում չկա: Այս բողոքը քաղաքական պահանջ չի պարունակում, այլ անձնական շահից է դրդված, ենթատեքստը աթոռն է: Նրանց բոլորին մի տեղ է բերել աթոռին տիրելու գաղափարախոսությունը»,- նշեց համայնքի ղեկավարը՝ իր դեմ ուղղված գործողությունները ամբոխավարություն կոչելով ու չընդունելով իր հասցեին հնչած մեղադրանքները:

«Ես չունեմ համայնքից ձեռք բերված որևէ բան, ոչ մի սեփականություն, եթե ունեմ, ապա դա համայնքին չի պատկանել»,- նշեց համայնքապետը` այդպես էլ լրագրողներին չբացահայտելով իր 150 հազար դրամ աշխատավարձով «Լեքսուս» գնելու բանաձևը:

2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձևավորվել Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Գևորգյանը ՀՀԿ անդամ է։