Անգելա Մերկելը Հայաստանից տեսանյութ է հրապարակել

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, երևում է, տպավորել է Երևանն ու նաև իրեն դիմավորելու հանդիսավոր արարողությունը։
Sputnik

Դիմավորումից կարճ ժամանակ անց կանցլերը Instagram–ի իր Story-ի բաժնում Հայաստան այցից փոքրիկ տեսանյութ է հրապարակել ու գրել. «Կանգառ Հայաստանում»։

Հիշեցնենք, որ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։

Պաշտոնական դիմավորումից հետո Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա Թումո կենտրոն։ Ծրագրված է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-–ի հետ։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։