ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ քաղաքացին փորձել է ապօրինի ճանապարհով երկու հարյուր քառասուն տուփ ծամելու ծխախոտ` սնյուս անցկացնել Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» առցանց-հարթակը` հղում անելով Դոմոդեդովոյի մաքսատան մամուլի ծառայությանը։
«Սնյուսը հայտնաբերել են Հայաստանի քաղաքացու ձեռքի բեռում։ Տղամարդը Ստոկհոլմից էր Դոմոդեդովո եկել», — նշվում է հաղորդագրության մեջ։
Տղամարդն ասել է, որ ծամելու ծխախոտն անձնական օգտագործման համար գնել է Շվեդիայի մեծածախ շուկայում։ Իրականում պարզվել է, որ անձնական օգտագործման համար կարելի է վերցնել ամենաշատը 200 ծխագլանակ, 50 սիգար ու 250 գրամ ծխախոտ մեկ չափահաս մարդու հաշվարկով։
Տղամարդուն վարչական պատիժ է սպառնում։ Ապրանքն առգրավված է, գործը քննվում է։
2015 թվականի արգելքից հետո Ռուսաստանում սնյուսը սկսել են բերել ու վաճառել ծամելու ծխախոտի տեսքով։ Հիմա այն կարելի է գնել երկրի գրեթե ցանկացած քաղաքում։