Կրասնոդարի երկրամասում Քրիստոսը Միխայիլ Ալավերդյանին փրկել է անխուսափելի մահից

Սա կատակ չէ։ Հայի ու նրա ընկերուհու փրկչի անունն իսկապես Քրիստոս է, պարզապես նա հույն է, ոչ թե նա, ում մասին մտածեցիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հունական տանկերի նավապետ Քրիստոսը փրկել է Նովոռոսիյսկի երկու բնակիչներին` Նադեժդա Աչապկինային ու Միխայիլ Ալավերդյանին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։

Հային բռնել են մոսկովյան օդանավակայանում ծամելու ծխախոտի համար

«Տղամարդն ու կինը հինգ օր մնացել են բաց ծովում` առանց ուտելիքի ու ջրի։ Մի քանի օր առաջ նրանք ռետինե նավակ էին գնել ու ձկնորսության մեկնել Սև ծով։ Զույգը կանգ էր առել ափի մոտ, ու ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ քամին։ Նավակը հեռացել էր ափից», —նշվում է հաղորդագրության մեջ։

Ծովում փոթորիկ էր սկսվել, ջուրը քշել-տարել էր իրերը, նավակը սկսել էր անընդհատ շրջվել։ Նադեժդան ու Միխայիլն իրենց կապել էին նավակին, որպեսզի չկորչեն, հետո սկսել էին աղոթել։

Նրանք դեռ երկար ժամանակ կաղոթեին, եթե Քրիստոսի նավը նրանց կողքով չանցներ։ Նավապետը նկատել է դժբախտներին ու փրկել անխուսափելի մահից։ Հիմա փրկվածներն արդեն ցամաք են հասել։