Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս չունի. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն հերքում է

Այս փաստը հաստատելու համար ընկերությունը պատրաստ է իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բաժնեմաս չունի։ Այս հերքումը` ի պատասխան լրատվամիջոցներում հրապարակված լուրերի, տարածել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու սցենար չի կարող լինել. Փաշինյան

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է «Երկիր մեդիային» տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ բաց և թափանցիկ ընկերություն է, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2001 թ.—ից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց»միջազգային օդանավակայանի հետ միասին, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը։