ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Պարզվել է` կառավարությանն ուղղված հարցերի մի մասը չեն հասել հասցեատիրոջը»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է գերատեսչություններին ուղարկված հարցման մասին։
Sputnik
Շուշան Դոյդոյան

Կենտրոնը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցում է ուղարկել նախարարություններ, և նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։

«Բոլոր նախարարություններին ուղարկել էինք հարցում, հետաքրքրվել էինք 2017-18 թվականներին այդ կառույցները որքան սուբսիդիաներ ու դրամաշնորհներ են տվել ՀԿ-ներին։ Մի հարց, որը կհետաքրքրեր հարկատուներին։ Ընդ որում` սա մեր շարունակական գործունեության ուղղությունն է»,- ասաց Դոյդոյանը։

Կենտրոնի ղեկավարն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, և ֆեյսբուքյան հրապարակումից հետո մի քանի գերատեսչություններ շատ արագ արձագանքել են։ Պարզվել է, որ խնդիր ունի կառավարության համակարգը, և համակարգի միջոցով կառավարությանն ուղղված հարցերի մի մասը չեն հասել հասցեատիրոջը։

Դոյդոյանը նշեց, որ հարցման պատճառը եղել է իրենց ունեցած տեղեկությունն այն մասին, որ որոշ գերատեսչություններ ընդհանարապես առանց մրցույթներ հայտարարելու, առանց որևէ ընթացակարգի հետևելու միլիոնավոր դրամների դրամաշնորհներ են տալիս նույն ՀԿ-ներին` իրենց ոլորտում որոշակի ծառայություններ իրականացնելու համար։