Շուկայի մոնիթորինգ. Հայաստանում կարևոր մթերքի գները կայո՞ւն են

Փոքր–ինչ փոխվել է միայն ձվի գինը, այն էլ ոչ բոլոր արտադրողների մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանում սոցիալապես կարևոր ապրանքների գները 2018 թվականի օգոստոսին կայուն են մնացել։ Այս մասին վկայում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Խաչատրյան. «Եթե դրամն արժեզրկվի, ապա ներքին շուկայում գները կաճեն»

Կարևորագույն նշանակություն ունեցող ապրանքների (հաց, միս, ձավարեղեն, շաքարավազ, կարագ և ձեթ, կաթ և կաթնամթերք, գազ և բենզին) գներն օգոստոսի սկզբից գրեթե չեն փոխվել։ Մի քանի տոկոսով փոխվել է ձվի գինը, բայց ոչ բոլոր արտադրողների մոտ։ Թռչնաբուծական ֆաբրիկաներից մի քանիսը բարձրացրել են գները, մյուսները` նույնիսկ մի փոքր իջեցրել։

Սեզոնային որոշ մրգերի գները փոխվել են, սակայն այդ շուկաները մրցակցային են (պտուղ-բանջարեղեն են վաճառում ոչ թե մի քանի խոշոր ընկերություններ, այլ հազարավոր վերավաճառողներ և գյուղացիներ)։ «Այդ պատճառով էլ այստեղ գինը որոշում են պահանջարկն ու առաջարկը»,- նշում են Պետական հանձնաժողովից։

Նշենք, որ 2018 թվականի հուլիսին, 2017 թվականի դեկտեմբերի համեմատ, ապրանքների և ծառայությունների գներն իջել են 1,7%-ով (ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներ)։

Միևնույն ժամանակ, օգոստոսի սկզբին Հայաստանում ձմերուկի, դեղձի և լոլիկի գների աճ է գրանցվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտնել էր, որ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է անոմալ շոգով, որի դեպքում մրգերն ու բանջարեղենը չտուժել չեն կարող։