Թարխանյանը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը և Փաշինյանին մեղադրում էթիկան խախտելու մեջ

ՀՀ վարչապետը էթիկական սխալ է թույլ տվել, բայց դա չի անդրադառնա Ավագանու ընտրությունների արդյունքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Երևանի հանրություն» դաշինքը հանրահավաք է անցկացնելու ու պահանջելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանի հրաժարականը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Երևանի հանրություն» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։

ԳԱԼԱ-ն, «Հայաստանի կանաչների կուսակցությունը և տասը հասարակական կազմակերպություն համաձայնագիր են կնքել ընտրություններին մեկ դաշինքով մասնակցելու մասին ու առաջադրել են Թարխանյանի թեկնածությունը։ Դաշինքի ընտրացուցակի առաջին տասը տեղերում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են։

Նրա խոսքով` հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 24-ին ԿԸՀ-ի շենքի դիմաց։ Մուկուչյանի հրաժարականից բացի, նրանք պահանջում են նաև, որ ՀՀԿ-ն իր տեղերից հրաժարվի ընտրական հանձնաժողովներում։

«Հասարակությունը չի հասկանում` ինչպես կարող է ընտրություններ կազմակերպել այն մարդը, որին մեղադրում են ընտրակեղծիքների համար։ Ու ՀՀԿ-ի ինչին են պետք այդ տեղերը հանձաժողովներում, եթե նրանք չեն մասնակցում Ավագանու ընտրություններին», — ընդգծեց նա։

Թարխանյանն ավելացրեց` դաշինքն արդեն մշակում է մի ծրագիր, որը նախատեսում է լուծել առողջապահական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների մի շարք խնդիրները, ինչպես նաև 30 հազար աշխատատեղ ստեղծել։

Նա նշեց, որ քաղաքական ոչ մի ուժին ու թեկնածուին առայժմ իր մրցակիցը չի համարում, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել։ Սակայն նրա կարծիքով` էթիկայից դուրս էր այն, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանին։

«Ավելի ճիշտ կլիներ, եթե դա արվեր նախընտրական քարոզարշավի ընթացքում», — կարծում է թեկնածուն։

Анаит Тарханян в гостях у радио Sputnik Армения

Միաժամանակ Թարխանյանը վստահ է, որ դա չի ազդել իր ընտրվելու հնարավորության վրա։ Նրա հաշվարկներով` հանրահավաքի ժամանակ հրապարակում առավելագույնը 80 հազար մարդ կար, ու նրանց միայն կեսն է երևանցի։ Նա ընդգծեց, որ հնարավոր է` 40 հազարը քվեարկեն Մարությանի օգտին, բայց դա դեռ ամբողջ Երևանը չէ։