ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից կալանավորի կողմից փախուստի փորձ կատարելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու ՝ կալանավորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:50-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ կալանավորներից մեկն իր պահման խցից դուրս է եկել, սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել պահակակետի ծառայողի վրա, վերցրել բանալիները՝ սահմանափակելով 1-ին մասնաշենքի մուտքն ու ելքը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կալանավորի՝ նման քայլի գնալու պատճառները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ կալանավորը խցում պահվել է միայնակ, դեպքի վայրի զննության ժամանակ խուցն ամբողջովին եղել է տակնուվրա արված՝ բետոնե հատակին և պատին ամրացված երկաթյա մահճակալները տեղահան արված, եռափեղկ պատուհանի փեղկերը և ապակիները կոտրատված, դռան կերակրադռնակը պոկված-առանձնացված:
Քրեական գործի տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, կալանավորը, քրեակատարողական հիմնարկի խցում լինելով, հարմարեցված առարկայով բացել է խցի երկաթյա դուռը և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում կոտրել է պատուհանի ապակիները, ապա՝ կոտրված ապակու կտորով և մահճակալից պոկած երկաթյա ձողով քրեակատարողական հիմնարկի հսկիչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ դիտավորությամբ ոչնչացրել և վնասել է հիմնարկի գույքը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով փախուստի դիմել չի կարողացել. այն կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 1-ին մասնաշենքի 1-ին հարկի հսկիչը քրեական գործով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, այդ թվում՝ կալանավորի հայրը:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ ստացված նախնական տվյալների համաձայն՝ կալանավորը բռնության է ենթարկվել ինչպես կալանավորների, այնպես էլ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից, որի ժամանակ գործածվել են մահակներ, էլեկտրաշոկ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ նշված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ առերևույթ հանցագործության դեպք՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ, և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու միջնորդությամբ: