ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջին նիստն է անցկացրել։ Օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
«Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԿԳՆ-ի` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում հրապարակել ընդունված աշակերտների ցուցակը։
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` չինական դպրոցը չի տարբերվելու Հայաստանում գործող հանրակրթական մյուս դպրոցներից։