Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կանցկացնի

Նպատակն է անհապաղ լուծել Սևանա լճից ջուր վերցնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. 2018 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին կառավարության առաջարկով տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է:

«Ես ԱԺ նախագահի հետ զրույց ունեցա, և ավելի նպատակահարմար համարվեց ամսի 28-ը, որովհետև ֆորմալ մինչև ամսի 26-ը պատգամավորները գտնվում են արձակուրդում, և նրանցից շատերը գուցե հնարավորություն չունենան ներկա գտնվել նիստին, դրա համար երաշխավորված ժամկետը, որ պատգամավորները վերադարձած կլինեն, օգոստոսի 28-ն է», — կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախագծով նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել: