«Սև ցուցակի» հետևանքը. Ստեփանակերտը Բունդեսթագի պատգամավորին կրկին Արցախ է հրավիրել

Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի և խեղաթյուրված տեսակետը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի նման գործողությունները և կարծում ենք, որ եթե դրանք հետագայում ևս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը գերմանացի պատգամավորին ներառել է «սև ցուցակում» Մերկելի այցի ֆոնին

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։

«Վստահ ենք, որ խորհրդարանականների և այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին»,- հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր, «սև ցուցակում» ընդգրկված Ալբերտ Վայլերի մուտքը երկիր, ով Ադրբեջան պիտի ժամաներ տիկին Մերկելի՝ առաջիկայում նախատեսվող Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։