«Ծառուկյանի» բարեգործականը վնասել է «Քինգ Դելյուքսի» և «Տրանս Կոմֆորտի» գործնեությանը. ՔԿ

Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունը կքննի այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։

Ծառուկյանի կուսակցությունը որոշել է Փաշինյանի մեթոդը կիրառել քարոզարշավի ժամանակ. ԶԼՄ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ըստ ստացված հաղորդագրության՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

«Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին ազատ արձակեցին. ո՞վ է վճարել ահռելի գումարը

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մրցակցությունը սահմանափակելը, որն ուղղված է տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

2018թ. օգոստոսի 22-ին քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ընդունվել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։