Զովասար գյուղում ուզում էին տունը պայթեցնել վրեժ լուծելու համար. 2 անձ ձերբակալվել է

Ավտովթարից զոհվածների հարազատները ցանկացել են վրեժ լուծել արդեն դատապարտված վարորդից ու նրա ընտանիքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Զովասար գյուղում օգոստոսի 21–ին տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել:

Զովասար գյուղում տան ուղղությամբ նռնակ են նետել, այն պայթել է. 2 հոգի ձերբակալվել են

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի տան դռան մոտ, որի հետևանքով վնասվել է տան մուտքի դուռը և պատուհանի ապակին։

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլին Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել են Զովասար գյուղի բնակիչներ Ն.Մանուկյանը և Ա.Կիրակոսյանը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի՝ վարորդի ինքնությունը, ով ևս Զովասար գյուղի բնակիչ է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարորդին մեղադրանք է առաջադրվել, և 07.07.2018թ. դատավճռով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման։

Նշված ավտովթարից հետո լարված հարաբերություններ են ձևավորվել մեղադրյալի և տուժողի ընտանիքների միջև։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ավտովթարի զոհ դարձած Ա.Կիրակոսյանի մերձավոր երկու ազգական 2018 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, գնացել են դատապարտված վարորդի՝ իրենց համագյուղացու տան մոտ և նռնակ նետելով տան մուտքի դռան մոտ՝ պատճառել գույքային վնաս։

Դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կասկածյալները ձերբակալվել են և հարցաքննվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են, հավանաբար, պայթուցիկ սարքի մետաղյա բեկորներ, ինչպես նաև պայթյունի հավանական օջախից վերցվել է հողի նմուշ և դրանցով նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական և քրեադատավարական գործողություններ՝ նռնակի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: