Եթե խախտել ես երթևեկության կանոնները... ի՞նչ պետք է իմանան Վրաստան մեկնողները

Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների մոտ հաճախ հարց է առաջանում, թե որտեղ և ում է պետք վճարել տուգանքը` Վրաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի տարածք սեփական ավտոմեքենայով մտնող ՀՀ քաղաքացիները Վրաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում կտուգանվեն։ Սակայն տուգանքը նրանք պետք է վճարեն ոչ թե տեղում, օրինակ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, այլ «Սադախլո–Բագրատաշեն» հայ–վրացական սահմանին` երկրից դուրս գալիս։

Sputnik  Արմենիային այս տեղեկությունը հաստատել են Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական բաժնում։

Բանն այն է, որ տարեցտարի Վրաստանում հանգստացող ՀՀ քաղաքացիները թիվը աճում է, շատերը հարևան երկիր են մեկնում սեփական ավտոմեքենայով։ Հայ ճանապարհորդների մոտ հարցեր են ծագում` ինչպես և ում վճարել տուգանքը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում։

Աջ ղեկով մեքենաներ ներկրելու կանոնները կփոխվե՞ն. երկու տարբերակ են քննարկում

«Եթե օտարերկրացին խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ապա նա օրենքով սահմանված չափով վճարում է տուգանքը սահմանին` Վրաստանից մեկնելիս», – Sputnik Արմենիային ասացին Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական բաժնում։

Զրուցակիցը պարզաբանեց, որ եթե օտարերկրյա քաղաքացին խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, սակայն սահմանին նրանից տուգանք վճարել չեն պահանջել, ապա դա նշանակում է, որ կա՛մ տեսախցիկը չի արձանագրել խախտումը, կա՛մ համակարգչային համակարգը խափանվել է և խախտում կատարելու մասին տեղեկություն պարզապես չի ստացվել։

Ընդ որում, եթե Վրաստանից դուրս գալիս տուգանք չի ներկայացվել, ապա երկրի տարածք կրկին մուտք գործելու դեպքում օտարերկրյա քաղաքացին ավտոմատ կերպով ազատվում է իրականացրած խախտման համար պատասխանատվությունից։

Ավտոմեքենայի պարտադիր ապահովագրությունը, սակայն, ոչ ոք չի չեղարկել, դրա առկայությունը պարտադիր է։

«Վրաստանի տարածքով տեղաշարժվող օտար պետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պարտադիր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության մասին» օրենքի շրջանակներում գործող նոր կանոնները ուժի մեջ են մտել մարտի 1-ից։

Վարորդները ապահովագրությունը ձեռք են բերում կա՛մ Հայաստանի ապահովագրական ընկերություններում, կա՛մ «Բագրատաշեն–Սադախլո» հսկիչ անցակետում։

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրության ժամկետից։ Ապահովագրությունը հատուցելու է ՃՏՊ–ի ժամանակ պատճառած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը։

Վրաստանի սահմանին մինչև 3.5 տոննա թեթև մարդատար ավտոմեքենաները` անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օր անցկացնելու համար պետք է 30 լարի վճարեն (մոտ 12 դոլար), 30 օրը 50 լարի կարժենա (մոտ 20 դոլար), մեկ տարվա ապահովագրությունը` 295 լարի (մոտ 120 դոլար)։

Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները, որոնք մտադիր են հարևան երկրի տարածք մուտք գործել ուրիշի ավտոմեքենայով, պետք է անպայման ունենան ավտոմեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։ Հուլիսի 11-ին այդ տեղեկությունը հաստատեց Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` նախազգուշացնելով, որ վրացական կողմը նոր օրենք է ընդունել։ Փաստաթղթի համաձայն` հուլիսի 1-ից Վրաստանի սահմանը հատող վարորդները (եթե ուրիշի անունով գրանցված ավտոմեքենայով են), պետք է ներկայացնեն սեփականատիրոջ լիազորագիրը` վրացերեն կամ անգլերեն տարբերակով: Ընդ որում` նշված էր, որ նոտարը պետք է հաստատած լինի թարգմանությունը։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ–ն պարզաբանել էր, որ նոր պահանջի կիրառումը հետաձգել են մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը։

Ընդ որում` Վրաստանի քաղաքացիների համար ոչ սեփական ավտոմեքենայով հայ–վրացական սահմանը հատելու դեպքում լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Վրաստանի քաղաքացին համապատասխան լիազորագիր ստանում է արդարադատության նախարարությունում, արժեքը` 12 լարի է (մոտ 5 դոլար)։

Հայաստանում լիազորագրի արժեքը տատանվում է 10 հազար դրամի սահմաններում (20 դոլար)։ Հայտնի է, որ լիազորագիրը պետք է անգլերեն լեզվով լինի, իսկ այն ձեռք բերել կարելի է նոտարական գրասենյակում։