ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի անելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը: Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի և դրա լուծման սեփական ծրագրի մասին»,- նշված է հոդվածում:
Ըստ պարբերականի` «Կանաչ և խելացի Երևան». այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին: «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրել են կուսակցության աղբյուրները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:
Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ՀՀԿ-ն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը։