Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակայքում, միջնադարյան գերեզմանատան տարածքում Ավետիսյանների ընտանիքը XII դարի խաչքարի շուրջ մատուռ է կառուցել։ Կարծես թե լավ բան են արել, բայց…
Իսկ նախապատմությունն այսպիսին է։ Այս տարվա ապրիլին 17–ամյա Նարեկ Ավետիսյանը մահացել է քաղցկեղից։ Տղան Երևանում էր ապրում, սակայն հաճախ էր հորեղբոր` Արսեն Ավետիսյանի մոտ Հրազդան գնում։ Հենց Արսեն Ավետիսյանը Sputnik Արմենիային պատմեց հետևյալ պատմությունը։
Խաչքարը Նարեկի սիրելի վայրն էր, ու նա հաճախ էր այնտեղ գնում։ Տղայի մահից հետո նրա տատը երազ էր տեսել, որ խաչքարի տեղը մատուռ է։ Ընտանիքն ընկալել է դա որպես նշան երկնքից ու ամեն ինչ արել է հենց այնպես, ինչպես թելադրվում էր երազում։ Մատուռը մի քանի ամսվա ընթացքում կառուցել են ու արդեն հասցրել են օրհնել։
«Թաղամասի բնակիչներն օգնեցին մեզ, նրանք հիմա էլ են մեզ աջակցում», –ասաց Ավետիսյանը։
Իսկ հիմա օրենքի հետ լուրջ խնդիրներ են առաջացել։ Պարզվում է` մատուռն ապօրինի է կառուցվել, հատկապես, որ մշակույթի նախարարությունն արգելել է գերեզմանատան տարածքում շինարարություն անել, քանի որ այն ներառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Արդարության համար պետք է ասել, որ այստեղ ոչինչ չի հուշում գերեզմանատան գոյության մասին, չկան տեղեկատվական ցուցանակներ, որոնք վկայում են, որ այդտեղ պատմական հուշարձան է։
Նարեկի ընտանիքը դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին ու նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին` շինարարության թույլտվություն ստանալու համար։
«Մեզ ասացին, որ երեք օրվա ընթացքում վերջնական պատասխան կստանանք` արդյո՞ք կարելի է այստեղ որևէ բան կառուցել։ Սակայն պատասխանը եկավ միայն 20–25 օրից, երբ շինարարություն արդեն ակտիվորեն ընթանում էր», – ընդգծեց նա։
Նրա խոսքով` եկեղեցին այնպես են կառուցել, որ տեղանքի քարերը չվնասվեն։ Ավետիսյանն ընդգծեց, որ նույնիսկ սկզբնական նախագիծն են փոխել, որ տապանաքարերը շրջանցեն։
«Մենք ոչ մի բան չենք տեղաշարժել։ Բոլոր սալերն իրենց տեղերում են», – վստահեցնում է նա։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի նախագահի տեղակալ Արթուր Կիրակոսյանը հայտնեց, որ իրավապահ մարմիններն ապօրինի շինության մասին ահազանգ են ստացել։ Հիմա այդ հարցով դատարանն է զբաղվելու։
Ինքը` Կիրակոսյանը, կարծում է, որ մատուռը ոչ մի կերպ չի վնասում միջնադարյան գերեզմանատանը, այլ հակառակը, այցելուների է գրավում։ Մերձակա թաղամասերի բնակիչներն էլ են մատուռի պահպանման կողմնակից, նշեց նա` ընդգծելով, որ չգիտի` ինչով կավարտվի վեճը։
«Դատարանը պետք է որոշի մատուռի ճակատագիրը` ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ Ավետիսյանները չեն կարող որոշել», – ասաց Կիրակոսյանը։
Մինչդեռ Հրազդանի բնակիչը, որը չցանկացավ իր անունը հայտնել ասաց, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, հաշվի առնելով Ավետիսյանի ընտանքիում տեղի ունեցած ողբերգությունը (թոռան մահվանից հետո պապն էլ է մահացել սրտի կաթվածից) ու նրանց հեղինակությունը հասարակության մեջ, երաշխավորել է, որ խնդիր չի առաջանա։
Սակայն անսպասելիորեն մշակույթի նախարարությունը արգելել էին շինարարություն անել, ու բոլորը փաստի առաջ են կանգնել։ Իսկ Ավետիսյանները որոշել են չդադարեցնել շինարարությունը։ Նրանք հուսով են, որ ոչ ոք այդպիսի վանդալիզմ չի անի ու մատուռը չի քանդի։