Պետրոսյանին ամուսնալուծությունից հետ էր պահում Ջունայի խորհուրդը. ի՞նչ էր գուշակել նա

Գուշակը նախազգուշացրել է երգիծաբանին, որ չարժե լքել Ստեպանենկոյին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հանրահայտ Ջունան դեռ 90-ականներին խորհուրդ է տվել երգիծաբան Եվգենի Պետրոսյանին չբաժանվել Ելենա Ստեպանենկոյից։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով Ջունայի ընկեր Վալերի Կամշիլովին։

Նա վստահեցնում է, որ Պետրոսյանի բնակարաններից մեկը գտնվում էր Ջունայի տան հարևանությամբ, և նրանք ժամանակ առ ժամանակ տեսնվում էին հենց Ջունայի տանը։

«Նա Պետրոսյանին ասում էր` մի՛ ամուսնալուծվիր, այլապես էներգետիկ կորուստներ կունենաս, ինչը կարող է ազդել քո աշխատունակության վրա։ Ջունան ընտանեկան արժեքների կողմնակից էր», — ասել է նա։

Կամշիլովը կարծում է, որ հենց Ջունայի խորհրդի պատճառով Պետրոսյանը երկար ժամանակ չէր բաժանվում կնոջից։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։