ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր են քննարկվել Պետական եկամուտների կոմիտեում կայացած ՊԵԿ ղեկավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման գործընթացին:
Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ չնայած ՀՀ ձեռնարկատերերի համար արդեն իսկ ներդրվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման պարզեցված գործընթացը՝ հնարավորություն կա նաև ներդնելու առավել պարզ և միաժամանակ արդյունավետ մեխանիզմներ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում:
Այս նպատակով ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և ԵԱՏՄ անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» նախաձեռնությունը, որի շրջանակում ներկա փուլում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ:
Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերափոխել թղթային փաստաթղթերի դուրսգրման և մշակման հնացած գործընթացը: Արդյունքում կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը և կվերանա մի քանի լիազոր մարմիններ դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը: Այն իր հերթին կբերի ստվերային տնտեսության մակարդակի կրճատմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ հասանելիության պարզեցմանը: