Ուսումնական տարվա հիմնական նորությունը. բոլոր աշակերտները միասնական քննություններ կհանձնեն

Բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ավարտական դասարանների բոլոր աշակերտները, ամենայն հավանականությամբ, դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդագրության համաձայն` Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը։

Նա նկատել է, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների: