Տոնոյանը ռազմական նշանակության բեռնատարների հարցը քննարկել է Մոսկվայում. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարի մոսկովյան հանդիպումներից մեկը վերաբերել է ռազմական նշանակության բեռնատար մեքենաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ` օգոստոսի 21-ին, հանդիպել է «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել էր «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։

Հայկական տաղավարի հյուրն է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. լուսանկար

Ավելի ուշ Տոնոյանը հանդիպել էր նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ-Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել էր, որ մեզ հետաքրքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ։

Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել օգոստոսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։