Հայերն ընդունակ ազգ են, նրանք հեշտությամբ կսովորեն չինարեն. դեսպանը` Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են չինարենի նրբությունները և եզրակացրել, որ հայերին դժվար չի լինի յուրացնել այդ լեզուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայերին հեշտ են տրվում օտար լեզուները, և նրանք կարող են գլուխ հանել նաև չինարենից։ Այս մասին Երևանում հայ-չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց Հայաստանում ՉԺՀ դեսպան Թյան Էրլունը։

«Հուսով եմ` չինարենն այդքան բարդ չէ», — ասաց Փաշինյանը։ Ինչին ի պատասխան դիվանագետն ասաց, որ հաշվի առնելով հայերի ընդունակությունները` չինարեն սովորելը հազիվ թե դժվար լինի նրանց համար։

«Իհարկե, չինարենն իր առանձնահատկություններն ունի։ Հայերենի պես հին լեզու է, բայց հայերն առանձնանում են լեզվական ունակություններով», — ավելացրեց Էրլունը։

Չինական դպրոցն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին։ Այստեղ 5-12-րդ դասարանների 405 աշակերտ է ուսանելու։ Չինարենի խորացված ուսուցումն իրականացվելու է որպես հիմնական օտար լեզու, իսկ բոլոր մյուս առարկաները դասավանդելու են հայերենով։