Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրեց հացադուլը. նախարարը խոստացավ զբաղվել «Չնչիկով»

Մշակույթի նախարարության մոտ հացադուլ հայտարարած ռեժիսորը Մակունցի հետ զրույցից հետո խաղաղվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրեց ՀՀ մշակույթի նախարարության մոտ այսօր՝ օգոստոսի 22-ին, սկսած հացադուլը։ Մշակույթի նախարարը խոստացավ զբաղվել անավարտ մնացած «Չնչիկ» ֆիլմի խնդրով:

«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք, որ հացադուլը դադարեցվում է, որովհետև մենք հակառակ բևեռներում չենք և կոչված ենք այստեղ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»,- լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ռեժիսորն էլ նշեց, որ նախարարը խոստացել է իր խնդիրների վերաբերյալ գործընթաց սկսել: Մակունցը շեշտեց, որ գործընթացները կիրականացվեն ամենաթափանցիկ և արդար ձևով:

«Ես հանդիպելու եմ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այս խնդրի վերաբերյալ»,- ասաց նա:

Արամ Շահբազյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Մակունցի հետ բավականին խորքային և արմատական խոսակցություն է ունեցել:

Ռեժիսորի ծայրահեղ որոշումը կապված էր ֆիլմի հետ, որի հիմնական աշխատանքն ավարտել են դեռ 2009 թվականին, և միայն ձայնային մոնտաժի հետ կապված որոշակի աշխատանքներ են մնացել, բայց նա չի կարողանում ավարտել գործը, որովհետև այս տարիների ընթացքում երեք նախարարների հետ ժամանակ առ ժամանակ քննարկվել է նրան մոտ 18 մլն դրամ հատկացնելու հարցը։