Հայաստանի ՀՕՊ վահանն ամրացվելո՞ւ է. ուրիշ էլ ինչ է պայմանավորվել Տոնոյանը Մոսկվայում

Դժվար է ասել, թե ինչ սպառազինություն և ռազմական տեխնիկա կարող է ձեռք բերել Երևանը, սակայն նախնական եզրակացություններ կարելի է անել հայկական բանակի կարիքներից դատելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումները Մոսկվայում կարող են հիմք դնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա ամրապնդման համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։

Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Բանակ-2018» միջազգային ռազմա–տեխնիկական ֆորումին։ Այս ընթացքում նախարարը հանդիպումներ է անցկացրել ռուսական խոշորագույն «Ալմաստ–Անթեյ» կոնցեռնի ղեկավարության հետ, որը տարատեսակ հակաօդային տեխնիկա է արտադրում, այդ թվում նաև այնպիսի դաժան զենք, ինչպիսին են С-400 զենիթա–հրթիռային համալիրները։

Հայկական պատվիրակությունը նաև բանակցություններ է վարել «Ռոսոբորոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարության հետ։Հարությունովի կարծիքով` ներկա պահին դժվար է ասել, թե ինչ սպառազինության և ռազմատեխնիկայի նկատմամբ է Երևանը հետաքրքրություն դրսևորել։ Սակայն նախնական եզրակացություններ կարելի է անել հայկական բանակի կարիքներից ելնելով։ Այս տեսանկյունից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում С-400 համալիրները, նշում է Հարությունովը։

Խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ. Նիկոլ Փաշինյան

«Հաշվի առնելով այն, որ ՀՕՊ զարգացումը Հայաստանի ԶՈՒ ղեկավարության ռազմավարական ուղղություններից է, որոշակի պահի С-400 համակարգերը կարող են Երևանին հետաքրքրել։ Սակայն միևնույն ժամանակ, դրանք բավական թանկ համալիրներ են, բացի այդ հայկական բանակի սպառազինությունը համալրված է С-300–ներով, որոնք ներկա փուլում կարողանում են կատարել դրված խնդիրը», – նշեց փորձագետը։

«Ալմաստ–Անթեյի» հետ համագործակցության հավանական ուղղություններից մեկը այդ С-300–ների արդիականացումն է։

Ռուսական կոնցեռնի արտադրանքի շարքում արժե առանձնացնել նաև «Բուկ» և «Տոր Մ1» համալիրները։ Առաջիններով հայկական բանակն արդեն սպառազինված է (ցուցադրվել են 2016 թվականի զորահանդեսի ժամանակ)։ «Տոր Մ1» համակարգերն էլ մոտ ամիսներին կհամալրեն սպառազինությունը։ Հարությունովի կարծիքով` հայկական կողմը հետաքրքրված է կոնցեռնի հետ փոխգործակցության պահպանման և ընդլայնման, և հավանաբար, նշված սպառազինության տեսակների լրացուցիչ խմբաքանակներ ստանալու հարցում։

«Պետք չէ մոռանալ նաև հայկական ՀՕՊ համակարգերում ինտեգրված ռադիոլոկացիոն կայանների մասին։ Ներկա փուլում ոչ միայն արդիականացնել է պետք արդեն իսկ գոյություն ունեցող կայանները, այլև գնել նորերը», – ավելացրեց նա։

Փորձագետի կարծիքով` նշանակալի իրադարձություն կդառնա նաև Հայաստանում Կալաշնիկով ԱԿ-12 և ԱԿ-15 ինքնաձիգերի արտադրության ստեղծումը։ Հրազենի այդ տեսակները մշակվել են «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։ Հայաստանի տարածքում  «Ռատնիկի» նման լայնածավալ նախագծի առանցքային բաղադրիչների իրականացումը, անկասկած, չափազանց կարևոր ուղենիշ է հայկական ՌԱՀ հետագա զարգացման առումով։