Խախտումների համար տուգանքները երկու ամսից կչեղարկվեն, բայց բացառություններ էլ կլինեն

Վարորդները կազատվեն տուգանքներից, բացառություն կկազմեն միայն լուրջ խախտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Երկու ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար տուգանքների համաներում կլինի։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Ըստ նոր կառավարության ստեղծած ու խորհրդարանի ընդունած օրինագծի` ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 475 հազար կատարողական վարույթ` մոտ 120 հազար անձանց անունով։ Ընդհանուր գումարը կկազմի 13,3 միլիարդ դրամ։

Օրենքն ազատում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված տուգանքներից։ Չեն ներելու միայն ամենալուրջ խախտումները, մասնավորապես անսթափ վիճակում վարելն ու պետհամարանիշներն այլ անձանց տրամադրելը։

Օրենքն ընդունվել է հուլիսին, սակայն վարորդներից ոմանք դեռ սպասում են դրա իրականացմանը։

Զեյնալյանն ի պատասխան դրան ասաց, որ ավելի քան 86 հազար մարդու անունով ավելի քան 281 հազար ակտ արդեն համաներվել է։ Մնացածը կչեղարկեն առաջիկա ամիսներին։