Սերժ Սարգսյանի եղբորորդին միջազգային հետախուզման մեջ է

ՀՀ ոստիկանությունը համագործակցում է Ինտերպոլի հետ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն հայտնաբերելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Մենք համագործակցում ենք Ինտերպոլի մեր գործընկերների հետ, և շատ շուտով Նարեկ Սարգսյանը կհայտնվի մեր տեսադաշտում», — ասաց Օսիպյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ չի կարող ամբողջական տեղեկություն տալ քննության գաղտնիքը չբացահայտելու համար։

Նախկին նախագահի եղբորորդու նկատմամբ հուլիսին հետախուզում էր հայտարարվել նրա տանն իրականացված խուզարկությունից հետո։ Նրան մեղադրում են մարդու առևանգման և ծեծի ենթարկելու, շորթման, ինչպես նաև ապօրինի զենք և թմրանյութեր պահելու համար։