Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Միխեևը

«Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումը կայացել է «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Այս մասին ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանը կրկին մեկնեց Մոսկվա

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 20–ին, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Հայկական պատվիրակությունը Ռուսաստան է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով։