Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսեց արդարադատության նախարարը

Այսօրվա գրեթե բոլոր դատավորներին նշանակել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Եթե դատավորը կարծում է, որ կարող է սուբյեկտիվ լինել, ապա նրա մասնագիտական պարտքը ինքնաբացարկ հայտնելն է։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

«Դատարանները պետք է հետևեն դրան։ Եթե տեսնում են, որ դատավորը կարող է այլ շահեր ունենալ ու չի հայտնում այդ մասին, նրանք պետք է դրան ուշադրություն դարձնեն», — ասաց Զեյնալյանը։

Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի վերաբերյալ բողոքներ չենք ստացել. Օսիպյան

Ավելի վաղ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չեղարկել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Քոչարյանը շարունակվում է մեղադրյալ համարվել, սակայն նա ազատ է արձակվել։ Ավելի վաղ Ազարյանն աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, իսկ 2008 թվականին նա հաստատել էր մարտի 1-2-ի ցույցերի մասնակիցների դատավճիռները` կրկնելով գործադիր իշխանության ձևակերպումները։

Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ավելի ուշ հայտարարեց, որ Ազարյանը կողմնակալություն է դրսևորել։ Ըստ Խաչատրյանի` նա պետք է ինքնաբացարկ հայտներ։ Ազարյանն ինքը հերքում է մեղադրանքները` հայտնելով, որ Քոչարյանի օրոք աշխատելը ոչ մի կերպ չի ազդում իր անկողմնակալության վրա։

«Որպես արդարադատության նախարար ես չեմ կարող դատավորի դեմ գործ հարուցել։ Նրա որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։ Որպես նախարար իրավունք չունեմ գնահատել դատավորների աշխատանքը, դատական իշխանությունը կառավարությունից անկախ է», — ավելացրեց Զեյնալյանը։

Նշենք, որ այսօրվա գրեթե բոլոր դատավորներին նշանակել է կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ Սերժ Սարգսյանը։ Նախկինում դատավորներին նշանակում էր նախագահը։