ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, այն պայթել է:
Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն և տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պետրոսյանի տան ուղղությամբ: Պայթյունի հետևանքով վնասվել է մուտքի դուռը և պատուհանի ապակիները: Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի և Վրեժ Կիրկոսյաններին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 34-104 (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա և Վ. Կիրակոսյանները ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը դատապարտված է եղել և Ա. Կիրակոսյանի հետ խնդիրներ է ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Ս. Պետրոսյանի կինը՝ 46-ամյա Արմինե Պետրոսյանը, ով աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն: Ձերբակալվածներից Վ. Կիրակոսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է: