Գեներալ Մանվելի սկանդալային լուսանկարի արձագանքը. մեկնաբանում է նախարարը

Անկողնու վրա նստած գեներալին լուսանկարել են մեկուսարանում, հրապարակել են, ավելի ուշ` ջնջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Չի կարելի կալանավորածների լուսանկարները հրապարակել, դա նրանց իրավունքների խախտում է։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են, հետո այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում», — ասաց Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնենք` երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը։

Նախարարի խոսքով` գեներալին նկարել են նախնական կալանքի վայրում հունիսին ձերբակալման ժամանակ։ Այսօր թերթը ջնջել է այդ լուսանկարը։

Զեյնալյանն ասաց, որ նույնիսկ դատապարտվածները մասնավոր կյանքի իրավունք ունեն, և այդ իրավունքները չի կարելի խախտել։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։