Հայաստանին հետաքրքրում են «Ալմազ—Անթեյի» առանձին արտադրանքները. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ Հայաստանը համագործակցության լավ փորձ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ-Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ։

««Ալմազ-Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) ամենամեծ ինտեգրված միավորումներից է, որտեղ աշխատում է մոտ 130 հազար մարդ։

«Ալմազ-Անթեյ» կոնցեռնն առևտուր իրականացնելու իրավունք ունի արտաքին նշանակության ապրանքների վերջնական նմուշների առաքման ոլորտում` ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին միջպետական պայմանագրերի շրջանակում, ինչպես նաև կարող է սպասարկել ավելի վաղ առաքված արտաքին նշանակության ապրանքները, երկարացնել նախկինում արտադրված արտադրանքի ծառայության ժամկետը, վերանորոգել, արդիականացնել և չեզոքացնել դրանք։