Հայաստանի բանտերում նորամուծություններ կան. մանրամասնում է ՀՀ արդարադատության նախարարը

Բանտարկյալներն այլևս ստիպված չեն հերթով քնել, բացի այդ, ոմանք քաղաքացիական հիվանդանոցներում բուժում անցնելու հնարավորություն կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Բանտերում և կալանավայրերում տեղադրվել են տեսահեռախոսներ, որոնցով դատապարտյալները և կալանավորները կարող են ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ 20 րոպե տևողությամբ կապ հաստատել իրենց հարազատների հետ:Այս մասին այսօր կառավարությունում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ։

Դատապարտյալները և կալանավորները կարող են 20 րոպե զրուցել հարազատների հետ:

«Դա վերաբերում է ոչ միայն այն ազատազրկվածներին, որոնց հարազատները  քրեակատարողական հիմնարկներ այցելելու հնարավորություն չունեն, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներին»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Բացի այդ, կընդլայնվի քաղաքացիական հիվանդանոցներում բանտարկյալների բուժման պրակտիկան։ Երևանի չորս բուժհաստատությունում պարտադիր կերպով կլինի հատուկ մաս, որտեղ կբուժվեն այնպիսի հիվանդություններով դատապարտյալներ և կալանավորներ, որոնց հնարավոր չի լինի բուժել բանտային հիվանդանոցներում:

Ինչ վերաբերում է բանտերի գերբեռնվածությանը, ապա այդ խնդիրը դեռ չեն լուծել, սակայն հիմա հուրաքանչյուր բանտարկյալն իր մահճակալն ունի։ Նրանք այլևս ստիպված չեն լինի հերթով քնել։

Այսպես թե այնպես պետք է մի քանի նոր շենք կառուցել ձերբակալվածների ու կալանավորվածների համար։ Նախ նոր մեկուսարան է պետք, որը կփոխարինի Երևանի հարավում գտնվող Նուբարաշենի ՔԿՀ-ին։ Գորիսին էլ հիմնանորոգման կարիք ունի. այս շենքը կառուցվել է դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ։ Երևանի «Վարդաշեն» ՔԿՀ-ի շենքն էլ վերանորոգման կարիք ունի։

Տավուշի մարզին նույնպես նոր մեկուսարան ու բանտային հիվանդանոց է պետք։