Ռեժիսոր Արամ Շահբազյանը հացադուլ կհայտարարի մշակույթի նախարարության մոտ

Արամ Շահբազյանը որոշել է իր բողոքն արտահայտել հացադուլի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ռեժիսոր Արամ Շահբազյանն օգոստոսի 22-ին ՀՀ մշակույթի նախարարության շենքի մոտ հացադուլ կհայտարարի։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիային։

Ռեժիսորի ծայրահեղ որոշումը կապված է ֆիլմի հետ, որի հիմնական աշխատանքն ավարտել են դեռ 2009 թվականին, և միայն ձայնային մոնտաժի հետ կապված որոշակի աշխատանքներ են մնացել, բայց նա չի կարողանում ավարտել գործը, որովհետև այս տարիների ընթացքում երեք նախարարների հետ ժամանակ առ ժամանակ քննարկվել է նրան մոտ 18 մլն դրամ հատկացնելու հարցը։

«Որոշումը կայացնում են, հետո` չեղարկում։ Նախարարը փոխվում է, որոշումը` նույնպես, և այդպես արդեն երկար տարիներ են անցել, և երեք նախարար է փոխվել», — նշեց նա։

Շահբազյանի խոսքով` 2012 թվականին պրոդյուսերը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որ ֆիլմն ավարտված է, բայց դա այդպես չէ։

«Այդ պատճառով ես ընտրել եմ «Ո՞վ է գողացել «Չնչիկը»» կարգախոսը։ Եթե ֆիլմը պատրաստ է, ապա որտե՞ղ է այն», — ընդգծեց ռեժիսորը։

Նրա խոսքով` նախարար Լիլիթ Մակունցի նշանակումից հետո համապատասխան հանձնաժողովը չեղարկել է իր իսկ որոշումը և նոր որոշմամբ սահմանել, որ ֆիլմի համար գումար չեն տրամադրի։ Ռեժիսորը դիմել է մշակույթի նախարարություն, որտեղ նրան ասել են, որ պետք է պաշտոնական նամակով դիմի նախարարին։

Արամ Շահբազյանը հայտնի ռեժիսոր է, պրոդյուսեր և սցենարիստ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Մի վախեցիր», «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմերը։