Ավտովթար-վրաերթ Կոտայքում. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկված երեխաները հարազատ եղբայրներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Կոտայքի մարզում բախվել են Nissan March-ն ու 07-ը, որից հետո ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 երեխայի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կոտայքում դանակահարել են հորն ու որդուն

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ի սահմանում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի Շախմատի տան հարևանությամբ։

Բախվել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 45-ամյա Անատոլ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FC 801 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարապետ Վարդանյանի վարած Nissan March մակնիշի 81 MN 008 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարից հետո տեղի է ունեցել վրաերթ, որտեղից էլ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ 11-ամյա Սարգիս Վարդանյանը և 8-ամյա Ռազմիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկված երեխաները հարազատ եղբայրներ են:

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: