«Քաոս առաջացնելու փորձ է». Էրդողանի ներկայացուցիչը` ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության մասին

Պաշտոնական Անկարան շտապել է իր «վրայից ցրել» ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը։ Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգությունը քաոս առաջացնելու փորձ է: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։

«Մենք դատապարտում ենք Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը: Այն քաոս առաջացնելու փորձ է։ Թուրքիան անվտանգ երկիր է։ Բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները գտնվում են պետական պաշտպանության ներքո»,- նշել է Կալընը:

Անհայտ անձինք հարձակվել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա

Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն իր հերթին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը սադրանք է անվանել:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 20-ին, ժամը 5։00–ի սահմանում (Երևանի ժամանակով` 6։00-ին)։ Աթաթուրքի փողոցով ընթացող սպիտակ մարդատար ավտոմեքենայից 4-5 կրակոց է արձակվել դեսպանատան ուղղությամբ։ Գնդակոծվել է դիվանագիտական առաքելության անվտանգությունն իրականացնող ոստիկանության պահակակետը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։ Ավելին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսային տուրքերի ավելացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 և 50 տոկոս կազմեն։