Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի նոր մանրամասները. մահացողը հայ աղջիկ է

Աղջկան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում, և որոշ ժամանակ անց նա մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացի Մարիա Պանյանը (ծնվ. 1989թ) մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավտովթար-վրաերթ Կոտայքում. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 երեխայի

«Տուժած Մարիա Պանյանը (ծնվ. 1989թ) տեղափոխվել էր հիվանդանոց անգիտակից վիճակում, որոշ ժամանակ անց նա մահացել է», — նշել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Տուժած հայերը` Անժելա Շալվարյանը, Արփինե Մամյանն ու Անի Ավանեսյանը, գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է գնահատվում։ Արամ Խաչատրյանն ու Գարեգին Վարդանյանը` ծանր անգիտակից վիճակում, նույնպես հիվանդանոցում են։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մինիվենի ուղևորները` Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ) տեղափոխվել է մանկական հիվանդանոց, Անդրանիկ Գինոսյանը (ծնվ. 1995թ.) ծանր վիճակում է, սակայն գիտակից, իսկ 20-ամյա Լիլիթ Շալվարյանը կոտրվածք ունի։