ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Խաչատուրյան երեք քույրերը խոստովանել են, որ իրենք են սպանել իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին և ընդարձակ ցուցմունք են տվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են աղջիկների փաստաբանները։
«Մարիան ցուցմունք է տվել, որը կարելի է խոստովանական համարել։ Սակայն այժմ մենք ավելի ընդարձակ ցուցմունք ենք ներկայացնում, որը պատմում եմ նախորդած դեպքերի մասին… Նրա ձեռքում դանակ է եղել։ Նա պնդում է, որ ոչ ավելի, քան 5 հարված է հասցրել։ Միջնեկ քույրը նույնպես հարվածներ է հասցրել։ Փորձաքննություն դեռ չի անցկացվել, այդ պատճառով վաղ է խոսել, թե ով որքան հարված է հասցրել և որն է եղել մահացու», – ասել է կրտսեր քրոջ (17 տարեկան) փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Ավագ քրոջ` Քրիստինայի փաստաբանը գործակալությանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ևս ցուցմունք է տվել, որը խոստովանական կարելի է համարել։
«Այժմ նոր քննիչ կա, մենք ծավալուն ցուցմունք ենք տալիս։ Քրիստինան հայտնել է, որ հոր դեմքին գազ է փչել», – ասել է պաշտպան Ալեքսեյ Լիպցերը։ Նա Խաչատուրյանների ավագ քրոջ (19 տարեկան) պաշտպանն է։
Միջնեկ քրոջ` Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը նույնպես գործակալությունը հայտնել է, որ իր պաշտպանյալը խոստովանել է մեղքն ու ցուցմունք է տվել, սակայն փաստաբանը հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություն տալ։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։