ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի իշխանությունն այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիվանդագին կախվածություն ունի։ RT-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Մայիսին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ «միջուկային գործարքից», իսկ օգոստոսի 6-ին վերականգնել է Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք ավելի վաղ կասեցվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում։
Զարիֆը նշել է, որ Իրանի իշխանությունները չեն պատրաստվում ենթարկվել Վաշինգտոնի ճնշմանը։ Իրանցի պաշտոնյան համոզված է, որ ԱՄՆ-ն տառապում է այլ երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարով։
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն հիվանդություն ունի` հակում պատժամիջոցների նկատմամբ», — ասել է Զարիֆը։
Իրանի դիվանագետը ցավում է, որ Վաշինգտոնը այդպես էլ դաս չի քաղել պատմությունից. տնտեսական պատժամիջոցներն էական քաղաքական ազդեցություն չեն թողնում Թեհրանի վրա։
«Կարծում էի, որ ամերիկացիները դաս են քաղել, բայց սխալվեցի», — ասել է նա։
Խոսելով միջուկային գործարքի մասին` դիվանագետը կրկին հայտնել է, որ Իրանը մտադիր չէ վերանայել համաձայնագիրը և պայքարելու է, որ ԱՄՆ-ն կատարի իրանական կողմի պահանջները։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել էր, որ պատժամիջոցն ԱՄՆ-ի արդյունավետ գործիքն է մյուս երկրների վրա ճնշում գործադրելու համար։