Երևանի քաղաքապետի թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով. լուսանկար

Քաղաքապետի թեկնածու ունի նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը, քննարկման առնելով կուսակցության Երևանի քաղաքային խորհրդի որոշումը, հայտարարում է, որ կայացրել է որոշում մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին տարածած մամուլի հաղորդագրությունում հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից:

Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը:

Мануел Гаспарян на митинге в поддержку Раффи Ованисяна (12 апреля 2013). Еревaн

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Հուլիսի 16-ին Ավագանին հավաքվեց նոր քաղաքապետ ընտրելու համար, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։ Ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ ներկայացուցիչներն այլ թեկնածու չառաջադրեցին։ Երկու շաբաթվա ընթացքում թեկնածու չառաջադրեցին նաև մյուս երկու խմբակցությունները` «Ելքն» ու «Երկիր ծիրանին»։

Այդ դեպքում, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, կառավարությունը հաստատեց Ավագանու ցրումը։ Դրանից հետո ավագանու նոր ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ շուտ, քան 30 օր հետո և ոչ ուշ, քան 40 օր հետո։

Հիշեցնենք, որ ՀՀ երեք խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքապետին ընտրում է ավագանին, որն էլ իր հերթին ընտրում են քաղաքացիները։

Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Ավագանու ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց հերթին առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրում է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։