ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այս որոշումը կայացվել է «Ժառանգության» վարչության այսօր կայացած նիստում։
Սեպտեմբերի 23-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու նշանակված արտահերթ ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանա կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը։ Ցուցակում 3–րդը քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանն է, ապա ավագանու ավելի քան 50 թեկնածու՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երևանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաև իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրև հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երեք խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքապետին ընտրում է ավագանին, որն էլ իր հերթին ընտրում են քաղաքացիները։
Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Ավագանու ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց հերթին առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրում է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։