Ռոբերտ Քոչարյանի առանձնատունն ու գրասենյակը խուզարկել են

Քննիչներն այցելել են ՀՀ երկրորդ նախագահի առանձնատուն և գրասենյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

«Քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում», — հայտնեցին մամուլի ծառայությունից` նշելով, որ հատուկ իրականացրած գործողությունների արդյունքները չեն հրապարակվում` նախաքննության շահերից ելնելով։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքն այսօր` օգոստոսի 20-ին, Գլխավոր դատախազությունը կներկայացնի Վճռաբեկ դատարան։