«Ռևանշի հույս չունենաք». Րաֆֆի Հովհաննիսյանը շտապում է ընտրությունների հարցում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Հայաստանում լյուստրացիայի գործընթաց սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանում հեղափոխությունների շրջանը դեռ չի ավարտվել, և դրա արդյունքների ամրապնդման համար անհրաժեշտ է անհապաղ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է մի խորհրդարանի կողմից,  որի լեգիտիմությունը երկրում շատերը չեն ճանաչում։

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Հովհաննիսյանը կարծում է, որ քաղաքականություն վերադառնալու մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը երկրում քաղաքական նոր բևեռի ձևավորում չի նշանակում, թեև այն որոշակի մտավախությունների առիթ է տվել։

«Ո՞ւր կվերադառնա Քոչարյանը` քաղաքականություն, թե՞ բանտ, պետք է որոշի դատարանը», – ասաց «Ժառանգության» ղեկավարը։

Երկրում իշխանափոխությունից հետո ընդդիմություն դարձած քաղաքական ուժերին Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ռևանշի հույս չունենալ։

«Ժառանգության» ղեկավարը կարծում է, որ նախկին հանցագործությունների բոլոր մեղավորները, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները, պետք է պատիժ կրեն։ Այս համատեքստում նա ողջունեց անցումային արդարադատության համակարգ ստեղծելու Փաշինյանի մտադրությունը։

Ռոբերտ Քոչարյանի առանձնատունն ու գրասենյակը խուզարկել են

Բոլոր նրանք, ովքեր երբևէ որևէ հանցագործության հետ առնչություն են ունեցել` սկսած ընտրակեղծիքներից, մարտի 1-ի գործից և վերջացրած հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ընդգծեց Հովհաննիսյանը։

«Անհրաժեշտ է լյուստրացիա անցկացնել պետական գործիչների նկատմամբ, այդ թվում` Լևոն Տեր–Պետրոսյանի։ Այժմ ԱԱԾ–ի պետի հետ միասին նույն կառույցում աշխատում են մարդիկ, որոնք այնտեղ տեղ չունեն։ Եվ խոսքը միայն այդ գերատեսչության մասին չէ», – ավելացրեց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացնի մինչև 2019 թվականի մայիս ամիսը։