«Քննադատելու ենք». «Ժառանգության» ղեկավարը` Փաշինյանի քաղաքականության մասին

ՀՀ կառավարությունը պետք է հստակեցնի իր քաղաքականությունը, համոզված է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հրապարակը կարևոր որոշումներ կայացնելու տեղ չէ, և ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսուհետ պետք է ավելի հստակ լինի իր գործողություններում և հայտարարություններում։ Այս մասին լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ռևանշի հույս չունենաք». Րաֆֆի Հովհաննիսյանը շտապում է ընտրությունների հարցում

Քաղաքական գործիչը կարծում է, որ 100 օրվա ընթացքում կառավարության գործողություններն ավելի շուտ ցուցադրական և էմոցիոնալ էին, ու հիմա Փաշինյանն իր թիմով պետք է հստակություն մտցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունում։

«Ժամանակն է ավելի սառնասիրտ և հետևողական լինել սեփական գործողություններում, շարունակել կոռուպցիայի և պաշտոնյաների հանցավոր գործողությունների դեմ պայքարը», — ընդգծեց նա։

Հովհաննիսյանն ավելացրեց, որ «Ժառանգությունն» աջակցում է գործող իշխանությանը, բայց մտադիր չէ հրաժարվել կառուցողական քննադատությունից։ Այս համատեքստում քաղաքական գործիչը հայտնեց, որ երկրի համար կարևոր որոշումները չպետք է կայացվեն հրապարակում։

Կուսակցության ղեկավարը նաև կարծում է, որ Փաշինյանը պետք է շտապի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում և վերջնականապես արձանագրի հեղափոխության արդյունքները։ Հովհաննիսյանը կարևոր է համարում ընտրություններից առաջ ուժերի համախմբումը, ինչը կնվազեցնի նախկին իշխանության ռևանշի ռիսկերն ու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացրեց ՀՀ նոր կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփելու և հետագա քայլերն իրականացնելու հարցում քաղաքացիների աջակցությունը ստանալու համար։