Տեղեկատվության սահմանափակում, թե՞ աշխատանքի համակարգում.ի՞նչ է նախատեսում նոր շրջաբերականը

Արմեն Աշոտյանն իր մտահոգությունն է հայտնել աղմուկ բարձրացրած շրջաբերականի վերաբերյալ և խոստացել դիմել վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Այսօր սոցցանցերում տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերական, որով վերջինը կառավարության անդամներին կարգադրում է սահմանափակել տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին։

Աղաջանյանի ստորագրած կարգում նշվում է, որ կառավարության անդամների հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը, դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարութան քաղաքականության, ծրագրին, ռազմավարական ուղղություններին։

«Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք». Աշոտյանը` Փաշինյանին

Այս շրջաբերականը աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում և ԶԼՄ–ներում։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատվածում ոչ մի փաստաթղթ չի կարող սահմանափավել խոսքի ազատությունը և տեղեկատվության տրամադրման ազատությունը: Մեկնաբանելով այսօր տարածված շրջաբերականը Sputnik Արմենիային ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Շրջաբերականը պայմանավորված մի քանի գործոնով՝ նախ կառավարությունը պետք է աշխատի համակարգված, և բոլոր պաշտոնյաները, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցեն որոշումների կայացմանը, այդ որոշումներն անշեղորեն իրականացնեն։ Մյուս գործոնը, որով պայմանավորված է նման շրջաբերական իջեցնելը, այն է, որ աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը», —մեզ հետ զրույցում ասաց Արման Եղոյանը։Նրա մեկնաբանմամբ` խոսքը չի վերաբերում կառավարության աշխատակազմի բոլոր աշխատողներին, այլ այն պաշտոնյաներին, որոնք կրում են քաղաքական պատասխանատվություն և ում հայտարարությունները կարող են ունենալ քաղաքական հետևանքներ։ «Կառավարության աշխատակազմը մեծ է, բայց այս պարագայում խոսքը վերաբերում է քաղաքական պատասխանատվություն կրող և քաղաքական հայտարարություններով հանդես եկող պաշտոնյաներին, որոնք իրենց խոսքը պետք է համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Խոսքը կոնկրետ քաղաքական որոշումների իրականացման, դրանց կայացման վերաբերյալ հայտարարությունների մասին է»,–նշեց Եղոյանը։ Նրա խոսքով`  անկախ նրանից մարդն ինչ կարծիք ունի, եթե զբաղեցնում է պետական պաշտոն և կա կայացված որոշում, ուրեմն ինքը պետք է հետևի դրան ու նպաստի այդ որոշման կայացմանը։

Այս շրջաբերականին անդրադարձել էր ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա իր մտահոգությունն էր հայտնել «տեղեկատվության սահմանափակմանը» և գրել. «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով.

1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։

Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»։