ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Ամբիկ Գևորգյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով`հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար»,- ասաց Օհանջանյանը:
Ամբիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8–ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Խուզարկությունից հետո Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել էր: