Ո՞րն է Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հարցում. պարզաբանել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ է նկատվում կողմերին միմյանց հետ ծանոթացնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ կա կողմերին իրար հետ ծանոթացնելու ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է նա, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի` ԼՂՀ հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է։ Մոսկվայի նպատակը հակամարտող կողմերին համաձայնության գալու հարցում աջակցելն է։

«Ռուսական կողմը այդ հարցին նայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է) պրիզմայով», — ասել է դիվանագետը։

Բոչարնիկովը նաև ավելացրել է, որ հասարակության մեջ որոշակի տեղաշարժ է նկատում։ Տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ կան, որոնք գործունեություն են իրականացնում։ Հակամարտության կարգավորմանը նպաստում են նաև երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների ուղերձները։