ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ստավրոպոլի երկրամասում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի հյուպատոս Վարդան Ասոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստավրոպոլի երկրամասում երթուղային ավտոբուսի և «ԿամԱզ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով մահացել են երկու մարդ, 17-ը հոսպիտալացվել են։ Setra երթուղային ավտոբուսն ընթանում էր Թբիլիսի-Կրասնոդար երթուղով։ Ավտովթարը տեղի է ունեցել Անդրոպովսկի շրջանի «Կովկաս» մայրուղու վրա։
Ինչ վերաբերում է ազգությամբ հայերին, ապա նախնական տվյալներով, տուժածների ցուցակում միայն ռուսական և վրացական ազգանուններ կան։
Շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով`հիվանդանոց տեղափոխվածներից 5-ը երեխաներ են։
«Նևինոմիսկի հիվանդանոցում 9 հոգի կա, որոնցից 2-ը` երեխա, Պյատիգորսկի հիվանդանոց 8 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 3-ը` երեխա», — հայտնել են փրկարարները։
Մյուս ուղևորներին ժամանակավորապես տեղավորել են Կուրշավա գյուղի Մշակույթի տանը։