ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այս մասին հայտնել է ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ խորհրդակցության նպատակն է եղել մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:
Օսիպյանը հիշեցրել է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքը որքան կազմակերպված և պատվով կատարեց իր խնդիրը, օրինակ է բերել, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցել է, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:
Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն է մաղթել. «Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,- ասել է ոստիկանության պետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: