Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

Փաշինյանը շեշտել է` այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Մահացել է ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

«Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ:

«Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»,- նշված է Փաշինյանի ցավակցական հեռագրում:

Նշենք, որ 80 տարեկան Քոֆի Անանը մահացել է երեկ` օգոստոսի 18–ին։